September 15

Առաջին օրը դպրոցում

Առաջին մաս

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց: